ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մնաց Իգոր Պոպովը

Մնաց Իգոր Պոպովը
22.11.2016 | 09:01

Որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը կփոխվի, պարզ էր նոյեմբերի ութի նախագահական ընտրություններից հետո՝ ԱՄՆ-ում իշխանության եկավ ընդդիմությունը, բնականաբար, դեմոկրատներից հանրապետականներին իշխանության անցումը ենթադրում է և դեսպանների փոփոխություն: Ջեյմս ՈՒոռլիքը հայտարարել է, որ դեկտեմբերի 31-ին թողնում է թե Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը, թե դիվանագիտական ծառայությունը պետդեպարտամենտում։ Մինսկի խմբում ԱՄՆ-ը կունենա նոր համանախագահ։ Բայց խնդիրը Ջեյմս ՈՒոռլիքի հեռանալը չէ, խնդիրը ԱՄՆ ընտրված նախագահն է և նրա քաղաքականությունը Հարավային Կովկասում: Ինքնին հասկանալի է, որ իշխանության փոխանցման շրջանում պաշտոնական հայտարարություններ չկան՝ չկան նաև պաշտոնյաները: Առայժմ Դոնալդ Թրամփը ձևավորում է իր կառավարությունը և տասնյակ անուններ են շրջանառվում իբրև այս ու այն պաշտոնի թեկնածուներ: Նախընտրական շրջանում ԱՄՆ նորընտիր նախագահի ամենախնդրահարույց հայտարարությունը Իրանի հետ միջուկային գործարքի վերանայմանն էր վերաբերում՝ Թրամփը համաձայնագիրը հայտարարել էր ամենախայտառակը երբևէ կնքվածներից: Մեր տարածաշրջանին ու մեզ նա «չէր հասել»: Բոլոր փորձագետներն ու քաղաքագետները և անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս են տալիս, որ թեկնածու Թրամփը և նախագահ Թրամփը տարբեր կլինեն:

Հունվարից ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան ևս նոր համանախագահ է ունենալու և հաշվի առնելով, որ 2017-ի ապրիլին Ֆրանսիայում ևս նախագահական ընտրություններ են ու Ֆրանսուա Օլանդը կարող է չվերընտրվել, ավելին՝ վերջին հարցումների տվյալներով «Ազգային ճակատի» նախագահ Մարին լը Պենը ամենամեծ շանսերն ունի նախագահ ընտրվելու, իսկ դա նշանակում է իշխանափոխություն, հետևաբար դեսպանների հնարավոր փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից միակ հաստատունը մնում է Իգոր Պոպովը: Եվ մինչև Դոլալդ Թրամփի կառավարության ձևավորումը ու Ֆրանսիայում ընտրությունների ավարտից հետո կատարվող փոփոխությունները՝ Ռուսաստանը գերակայության հնարավորություն է ստանում Մինսկի խմբում, որտեղ մյուս համանախագահները զբաղված են լինելու տնային գործերով: Մեզ սպասվում է վտանգավոր շրջան՝ հավելեք նաև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները: Առանձնապես մեծ գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կայուն դիմադրությունն է պահել ստատուս քվոն և կասեցրել ռուս խաղաղապահների տեղակայումը շփման նոր գծում, կազանյան պլանի իրագործումը:
Վտանգավոր այս շրջանը նաև ինքնիշխանության դրսևորման ժամանակ է դառնալու Հայաստանի հին նախագահի, նոր վարչապետի ու պաշտպանության նոր նախարարի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Ջեյմս ՈՒոռլիքը, որ համանախագահների գործող կազմում ամենաակտիվն էր լրատվամիջոցների հետ շփումներում, աշխատանքի է անցնելու փաստաբանական գրասենյակում՝ ռուսական: Նրա թվիթերյան գրառումների մեջ գուցե նույնիսկ դառնություն կա՝ «Ես թողնելու եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը դեկտեմբերի 31-ին: Ինձ համար պատիվ էր ծառայել պետդեպարտամենտում ավելի քան 30 տարի»: «Ես գործընկեր եմ դառնալու Ռուսաստանի ամենամեծ և հեղինակավոր իրավաբանական ֆիրմայում»: «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ընկերության պաշտոնական կայքէջը հաղորդում է, որ նա միանալու է ընկերության թիմին Վաշինգտոնում 2017-ի հունվարին: ՈՒոռլիքը պատասխանատու է լինելու ԱՄՆ-ի և միջազգային հաճախորդների հետ աշխատանքի, հաճախորդների հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման, օրենսդրական և հանրային քաղաքականության հարցերով: Ջեյմս ՈՒոռլիքը Սթենֆորդի, Օքսֆորդի համալսարանների, Իրավագիտության և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի շրջանավարտ է:


Ջեյմս ՈՒոռլիքը ԱՄՆ համանախագահ նշանակվեց 2013-ին, որից հետո ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ համանախագահից ակնկալում են կարգավորման գործընթացի նոր մոտեցումներ և աշխույժ քայլեր։ Նոր մոտեցումներ, թերևս, չեղան, քայլերն իսկապես աշխույժ էին՝ Ջեյմս ՈՒոռլիքը բանակցային գործընթացը հնարավորինս «բացեց» հանրության համար իր թվիթերյան գրառումներով ու ասուլիսներով, հարցազրույցներով: Նա երբեք չթաքնվեց բանակցությունների գաղտնիության պատրվակի թիկունքում ու չթաքցրեց իր տեսակետները: Ջեյմս ՈՒոռլիքի բախտը չբերեց՝ նրա համանախագահությունը համընկավ ՌԴ ակտիվության հետ: Մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեջտեղ էր բերել Կազանի պլանը: Մինչ ՈՒոռլիքը հետկազանյան զարգացումներն էր կանխում՝ 2013-ին Հայաստանը կտրուկ շրջադարձ արեց իր արտաքին քաղաքականության մեջ՝ չորս տարի պատրաստվելով ու բանակցելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ, սեպտեմբերին հայտարարեց, որ Մաքսային միություն է մտնում: ՈՒոռլիքի բախտը չբերեց նաև Ադրբեջանի հարցում՝ 2012-ից Բաքուն շեշտադրեց ռազմական բյուջեի ավելացման վրա ու սպառազինությունների խելահեղ մրցավազքի, որը այս տարի ապրիլին վերաճեց քառօրյա պատերազմի:


Համանախագահները մշտապես հայտարարել են, որ իրենք միակամ են ու տարաձայնություններ չունեն, բայց իրադարձությունների զարգացումը վկայում է, որ նրանք միակամ են իրենց պետությունների նախագահների հետ, իսկ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի տեսակետները գոնե ԼՂ հարցում չափազանց տարբեր են եղել անցած տարիներին: Ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի համապատկերում՝ հայտնի չէ, թե ինչ քաղաքականություն են վարելու ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Թեպետ կա պաշտոնական փորձն իբրև երաշխիք, որ ժողովրդավարական երկրներում նախագահների փոփոխությամբ պետության քաղաքականությունը 180 աստիճանով չի փոխվում:

Դիտվել է՝ 1521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ